ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ #1

Լիլիթը 25 տարեկան է և ունի 5 տարեկան տղա։ Երկար տարիներ նա ապրել է ընտանեկան բռնության միջավայրում՝ ամուսնու կողմից ծեծվելով և նվաստացվելով տարբեր միջոցներով։ Նրա ամուսինը նաև պարբերաբար ալկոհոլ և թմրադեղեր էր օգտագործում։ Լիլիթի բառերով՝ «նա իսկական հրեշ էր դառնում, երբ ալկոհոլ և թմրադեղ էր օգտագործում»։ Նրան ծեծելու ընթացքում, ամուսինը դիտավորյալ խփում էր նրա դեմքին և գլխին։ Մի անգամ կնոջը փակել էր պահարանում և փորձել խեղդել նրան՝ փորձելով հասցնել մահվան։

Մեկ այլ դաժան ծեծից հետո Լիլիթը տանը միայնակ էր մնացել և հաջողացրել էր տանից փախչել որդու հետ և գնալ ոստիկանություն, որտեղից էլ նրան անհապաղ ուղղորդել էին Կանանց աջակցման կենտրոն։

ԿԱԿ մասնագիտական թիմի սկզբնական գնահատումից հետո պարզ էր, որ Լիլիթը ծանր տրավմայի է ենթարկվել, նրա առողջական և մտավոր վիճակը խաթարված էր, իսկ ապագայի նկատմամբ վերաբերմունքը՝ անհանգստացնող կերպով անհույս։ Լիլիթը ուղղորդվեց ԿԱԿ Ապահով Տուն, որտեղ ստացավ սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, ինչն օգնեց նրան «առողջանալ» և վերասահմանել ապագայի հանդեպ սեփական նպատակները։ ԿԱԿ սոցիալական աշխատողները նրան ուղեկցեցին անհրաժեշտ բժշկական կենտրոններ ֆիզիկական առողջությունը վերականգնելու նպատակով։ Շաբաթական մեկ անգամ նրա որդին ստանում էր հոգեբանական խորհրդատվություն և աստիճանաբար սկսեց հոգեբանական վերականգնման նշաններ ցույց տալ՝ այնուհետև հաճախել մանկապարտեզ։
Լիլիթը գրանցվեց զբաղվածության պետական գործակալություն։ Ինքնավստահությունը, ինքնագնահատականը և ապագայի վերաբերյալ հստակեցրած նպատակները վերականգնելուց հետո լքեց ապաստարանը։ Նա կես դրույքով, մեկ տարի պայմանագիր կնքելով, սկսեց աշխատել որպես դայակ/տնային աշխատող։ Աշխատանքային ժամերն ու պայմանները թույլ են տալիս նրան ոչ միայն զբաղվել սեփական երեխայի հետ, այլ նաև անհրաժեշտության դեպքում տանել իր հետ աշխատանքի։
ԿԱԿ-ն պարբերաբար կապ է հաստատում Լիլիթի հետ, նրա վիճակը ճշտելու և աջակցելու, ինչպես նաև հեռախոսի միջոցով ԿԱԿ հոգեբանի հետ խորհրդատվությունը շարունակելու նպատակով։


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ #2

«Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա սկսեց շատ նյարդային դառնալ և վրդովվել ոչնչից։ Ես ամեն ինչ փորձում էի անել նրան գոհացնելու համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Մտածում էի հենց երեխա ունենանք՝ նա կփոխվի, բայց հետո՝ հղիության ընթացքում մեղադրում էր ինձ, որ միայն երեխայի մասին եմ մտածում և սկսեց հարվածել ինձ, անգամ փորիս։Ես ջախջախված էի և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էի ծաղիկներով և ներողություն խնդրում։ Մտածում էի, որ ամեն ինչ կարգի կգա, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից էր վատանում։ 

Տարիներն անցան, իսկ ծեծի հաճախականությունն ու ինտենսիվությունը աճում էր։․․․ չգիտեմ, թե ինչու էր ինձ ծեծում, փորձում էի հասկանալ, բայց միշտ ինչ-որ բան կար, որ ստիպում էր նրան պոռթկալ։ Չեմ հիշում։ Երբ ծեծը դաժան էր, չէի կարող խոսել, շրթունքս և աչքս այտուցվում էր, հետո նա աղերսում էր ներել իրեն։ Ասում էր, որ կփոխվի և շատ լավ էր վարվում հետս, նվերներ էր բերում երեխաներին և օգնում տնային հարցերում։ Մտածում էի, որ վախեցել է, որ կսպանի ինձ կամ, որ կլքեմ իրեն։ Խղճում էի նրան, քանի որ այնքան կորսված էր թվում։ Ես նաև չգիտեի՝ ինչ անել։ Ես ամաչում էի որևէ մեկին որևէ բան ասել։ Ես ո՛չ փող և ո՛չ էլ տեղ ունեի գնալու։ Մտածում էի, որ երեխաները պետք է հայր ունենան։ Նրանք նույնպես վախենում էին, մեծ աղջիկս 5 տարեկանից սկսեց գիշերները անկողինը թրջել։ Զգացի, որ շատ է վախենում հորից։ Մեծ հույս ունեի, որ վերջին ծեծը հենց վերջինը կլինի, սակայն ամեն ինչ կրկնվում էր։

9 տարվա ամուսնությունից հետո մի օր նա սպառնաց սպանել ինձ։ Վերցրեց խոհանոցային դանակը և սպառնաց ինձ դրանով։ Այդ պահին հասկացա, որ պետք է փախչեմ․․․ նա արդեն անվերահսկելի էր և ես չգիտեի, թե հետո ինչ կարող էր պատահել։ Տարիներ առաջ նա միայն ապտակում էր և նվաստացնում ինձ և դա ցավոտ էր։ Հիմա նա սպառնում էր սպանել ինձ կամ դաժանորեն ծեծում էր և իրեր շպրտում վրաս։ Հիշում եմ, թե որքան էի նրան սիրում։ Հիմա էլ սիրում եմ, երբ բռնի չէ։ Ամբողջ մեղմությունը վերացել է։ Նա ստիպում էր սեռական հարաբերություն ունենալ իր հետ անգամ, երբ ես ինձ վատ էի զգում կամ երբ տաքություն ունեի։ Ատում եմ դա։ Ցավում եմ երեխաներիս համար։ Ես չգիտեմ՝ ինչ անել»։


Երբ Գայանեն եկավ Կանանց աջակցման կենտրոն, նա տրավմայի էր ենթարկված, շփոթված էր և շոկի մեջ։ Մենք նրան և իր երկու երեխաներին ուղղորդեցինք ապաստարան։ Նա հաճախեց բոլոր խորհրդատվական սեսիաները, մենք ուժեղացրինք նրա ինքնավստահությունը և վերականգնեցինք ինքնագնահատականը։ Մեր մանկական հոգեբանը աշխատեց նրա աղջիկներից մեկի հետ՝ մեղմելու նրա ունեցած վախերը։ Աստիճանաբար Գայանեն ի վիճակի եղավ աշխատանք գտնել, ինքնուրույն բնակարան վարձակալել և խաղաղ ապրել։ ԿԱԿ-ը տրամադրեց նրան իրավաբանական աջակցություն՝ բաժանվելու և ալիմենտի հարցերում։