ԸԲ Մասին

 

Հայաստանի հասարակությունը հայրիշխանական է, այսինքն՝ ավանդական մշակութային պատկերացումների պատճառով կանայք սովորաբար ստորադասվում են տղամարդկանց՝ իշխանություն ունենալու առումով։ Ամուսնական կյանքում հայաստանցի տղամարդկանց սովորեցնում են են լինել կնոջ տերը, մինչդեռ կանանց՝ ամուսիններին հնազանդը։ Կանանց նաև սովորեցնում են, որ իրենց ամենակարևոր դերը հասարակության մեջ օջախ պահպանողի կամ ընտանիքի ու տան հոգսը տանողի դերն է։ Սա տղամարդկանց օժտում է ընտանիքում, այդ թվում՝ կանանց նկատմամբ վերահսկողի և որոշումներ կայացնողի բացառիկ իշխանությամբ, իսկ կանանց արժեքը բացառապես կապվում է տան հետ։ Կանանց սովորեցնում են լինել լավ հայ կին, հնազանդ, ոմանց՝ նույնիսկ ներշնչում, որ նորմալ է, երբ տղամարդիկ իրենց չենթարկվող կանանց ծեծում են։ Հասարակական նման դրվածքը խրախուսում է վերահսկելու և բռնանալու պրակտիկաները և չափազանց դժվարացնում հայաստանցի կանանց համար բռնարար հարաբերությունից դուրս գալը։ Երեխաներին նույնպես ընտելացնում են այս գաղափարներին ու մայրերին ամոթանք տալիս, որ չլքեն ընտանիքը։ Երբեմն վերահսկող վարքագիծը ձեռք է բերվում շատ ավելի փոքր տարիքից, երբ հայկական ընտանիքներում տղաներից ակնկալվում է վերահսկել իրենց քույրերի նույնիսկ՝ մայրերի գործողություններն ու որտեղ լինելը։ Տղաներին օժտում են բոլոր իրավունքներով ու սովորեցնում իշխանություն բանեցնել ու տիրություն անել։

Ավանդաբար երբ հայ կանայք ամուսնանում են, նրանք տեղափոխվում են իրենց ամուսինների տուն։ Եթե գործադրվում է բռնություն, այն ավելի է բարդացնում կնոջ խոցելիությունը, քանի որ նա գտնվում է իր համար նոր վայրում, որտեղ բոլորն աջակցում են բռնարարին, իսկ ինքը մեկուսացված է իր մտերիմներից ու ընկերներից։

Հայաստանում շատ է արժևորվում հարգանքը մեծերի նկատմամբ, հարսներից ակնկալվում է հնազանդ լինել սկեսրոջը, ով ենթադրաբար ավելի գիտակ է ու կրում է հարսին կրթելու ու տնտեսվարություն սովորեցնելու պարտականույթունը։ Սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ նման դրվածքը սկեսուրները երբեմն չարաշահում են ու դառնում իրենց հարսների համար էմոցիոնալ, տնտեսական ու ֆիզիկական բռնության նոր աղբյուր։

Խորհրդային տարիներին աշխատում էր ամուսնական զույգից յուրաքանչյուրը, մանկական խնամքն ամբողջությամբ անվճար էր, ի տարբերություն մեր օրերի, երբ տիրում է գործազրկության բարձր մակարդակ։ Կանանցից ակնկալվում է մնալ տանն ու խնամել երեխաներին, իսկ տղամարդկանցից՝ դրամ վաստակել։ Արդյունքում՝ ստեղծվում է իրավիճակ, երբ կանայք սկսում են իրենց ամուսիններից ֆինանսական կախվածության մեջ գտնվել։ Այն իրավիճակներում, երբ առկա է բռնություն, կնոջ համար զուտ տեխնիկապես անհնար կարող է լինել հեռանալ բռնարարից։

Ամուսնալուծությունը կամ ընտանիքը թողնելն ամոթ է համարվում, նույնիսկ ընտանեկան անձնական խնդիրներն ընտանիքից դուրս քննարկելն է ամոթ համարվում, որի պատճառով բռնության ենթարկված անձինք վարանում են օգնություն փնտրել նույնիսկ ամենալուրջ իրավիճակներում։

Ծառայություններն ընտանեկան բռնությունից տուժածների համար նոր գաղափար են, իսկ կառավարության և ոստիկանության կողմից այդ ծառայություններին որևէ օժանդակություն չի տրվում։ Սա է պատճառը, որ տուժածները սովորաբար չեն էլ իմանում, որ գոյություն ունի օգնության հնարավորություն, կան թեժ գծեր, որոնցով կարելի է զանգահարել ու օգնություն ակնկալել։

Ընտանեկան բռնությունը (ԸԲ), թերեւս, այսօր Հայաստանի առջեւ ծառացած առաջնահերթ լուծում պահանջող սոցիալական խնդիրներից է: 2011 թ. ԵԱՀԿ-ի (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն) հետազոտության համաձայն, հարցվողների 60% -ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ԸԲ-ի, իսկ շուրջ 40%-ի դեպքում ընտանեկան բռնության դեպք է գրանցվել վերջին երկու տարվա ընթացքում՝ հետազոտության շրջանում: 2010-2018 թվականների ընթացքում հաղորդվել է ԸԲ սպանության 50 դեպք, եւ առնվազն 58 երեխա է զրկվել մորից: (Այս թվերը, չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ հաշվի չի առնվում հավելյալ, չհայտարարված/չգրանցված դեպքերը). Մոտավորապես 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար այս ցուցանիշը խիստ բարձր է: