Օգնություն և խորհրդատվություն
Ինչ-որ մեկը կարող է բռնության զոհ լինել` ոչ մի ֆիզիկական նախանշան չունենալով, կամ կարող է վիրավորվել եւ բժշկական օգնության, ոստիկանական պաշտպանություն կամ ապահով տան կարիք ունենալ: ԿԱԿ-ը բռնության զոհերի բազմաթիվ և տարաբնույթ կարիքները բավարարող համապարփակ ծառայություններ է տրամադրում: Եթե անձամբ դուք կամ ձեր ծանոթը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, ահա, թե ինչպես կարող եք օգնել նրան:
Եթե ֆիզիկական վտանգի ռիսկ կա, մենք կոչ ենք անում անմիջապես զանգահարել ոստիկանություն եւ հնարավորինս շուտ օգնություն ստանալ:
Զանգահարեք մեզ, ավելին իմանալու համար, կամ եթե ձեզ անհրաժեշտ է անվտանգություն եւ խորհրդատվություն, թե ինչպես ապրել կյանքը առանց բռնության. 099-88-78-08 / 24 ժամ
Մի տեղեկացրեք ձեր զուգընկերոջը, որ ցանկանում եք հեռանալ կամ բաժանվել նրանից: Ամենավտանգավոր ճակատագրական դեպքերը տեղի են ունենում այդ պահին: Մեր սոցիալական աշխատողը խորհուրդ կտա ձեզ, թե ինչպես անվտանգ կերպով հեռանալ ձեր զուգընկերոջից և երեխաների հետ տեղափոխվել առավել անվտանգ վայր:
Մատուցվող ծառայություններ
Իրավաբանական աջակցություն
ԿԱԿ-ի իրավաբանները կօգնեն փաստաթղթերի հարցում, կիրազեկեն Ձեր իրավունքների, պատասխանատվությունների և հնարավոր տարբերակների մասին, ինչպես նաև զոհերին կուղեկցեն դատական նիստերին դատարան և հանդես կգան որպես նրանց պաշտպան: Դատական գործերը կարող են լինել քրեական բնույթի, երեխաների խնամակալության, նպաստի, ամուսնալուծության և գույքի բաժանման հարցերով:
Հոգեբանական խորհրդատվություն
Ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք հաճախ ունենում են ցածր ինքնագնահատական և ինքնավստահության պակաս, իրենց վրա չեն վերցնում նախաձեռնություններ, ինքնուրույն չեն կարողանում մտածել, դեպրեսիայի մեջ են ընկնում և իրենց հուսահատված են զգում: Այս կանայք ամենից շատը աջակցության և օգնության կարիք ունեն, որպեսզի վերականգնեն իրենց ինքնավստահությունը:
Մանկական հոգեբանը երեխաներին օգտակար կլինի, քանի որ նրանք հաճախ բռնության հետևանքով կամ դրա ականատեսը լինելու հետևանքով ունենում են վախեր, շփոթված են լինում, չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են սերն ու բռնությունը միասին գոյատևում, և հաճախ նրանք ծնողների ձեռքերում գործիք են դառնում: Բռնության հետևանքով երեխաները ունենում են լեզվական խնդիրներ, անչափ ագրեսիվ կամ անչափ պասիվ վարք, վախեր, գիշերամիզություն և նույնիսկ դեպրեսիա:
Ապահով տուն
Ապահով տունը մի վայր է, որտեղ համատեղ ապրում են նույնանման խնդիրներ ունեցող կանայք: Այնտեղ կան բոլոր հնարավոր հարմարությունները: Այստեղ կանայք և իրենց երեխաները կարող են անվտանգ, ապահով և հանգիստ մթնոլորտում վերականգնվել ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքներից: Հնարավորության դեպքում կանանց տրամադրվում են առանձին ննջասենյակներ, տանը կան ընդհանուր լոգարաններ, լվացքի սենյակ, երեխաների խաղալու տարածք և խոհանոց:
Ապահով տունը գտնվում է գաղտնի վայրում: Ելնելով ապահով տան բնակիչների անվտանգությունից՝ այդ տեղեկությունը չի հրապարակվում և չի ասվում ոչ մեկին` նույնիսկ ընտանիքի անդամներին կամ ընկերներին:
Դեպքի վարում
Մեր սոցիալական աշխատողները գնահատում են ըբ վերապրածների կարիքները և ռիսկերը՝ օգտագործելով միջազգային ստանդարտները, ինչպես նաեւ համակարգում են խնամքի ծառայությունները՝ ներառյալ խորհրդատվություն, կրթական ծառայություններ, առողջապահություն եւ վերականգնում: